Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԱԲԲԱ՛,ՄԻ ԽՈՍՔ ԱՍԱ՛ ԻՆՁ»

«ԱԲԲԱ՛,ՄԻ ԽՈՍՔ ԱՍԱ՛ ԻՆՁ»
24.11.2009 | 00:00

Ա. Հավատքով կարդալու մասին

«Ահա թե ինչու մենք շարունակ գոհություն ենք տալիս Աստծուն նրա համար, որ, մեզնից Աստծու խոսքի լուրն առնելով, այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ` ճշմարտապես, որպես Աստծու խոսք, որ ներգործում է նաև ձեր` հավատացյալներիդ մեջ» (Ա Թեսաղ. Բ 13):

Հավատքն ունի մեկ անուն, բայց երկու զորություն։ Առաջինը դավանության հավատքն է՝ Սուրբ Երրորդության խոստովանությունը, որ յուրաքանչյուր անձ ստանում է Ավազանից։ Երկրորդն այն հավատքն է, որ Սուրբ Գրքում գրված խոսքերը, որոնք Սուրբ Հոգին խոսեց մարգարեների, առաքյալների և Եկեղեցու վարդապետների բերանով, սուտ և առասպել չի համարում, այլ հավատում է, որ ճշմարիտ և ուղիղ են, որպես թե իր աչքերով է տեսնում այն ամենը, ինչ եղել է, պիտի լինի և որ է (Ս. Ներսես Շնորհալի)։
Սուրբ Հոգու ներշնչանքով գրված Սուրբ Գիրքը կարող է հասկանալի լինել միայն Սուրբ Հոգու օգնականությամբ: Իսկ այդ շնորհին արժանանալու համար պետք է մանուկներին հատուկ դյուրահավատ սիրտ ունենալ: Հիշենք Փրկչի խոսքերը. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՛յր, Տեր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բանը (Երկնքի արքայության խորհուրդները) իմաստուններից և գիտուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մատթ. ԺԱ 20): Հետևաբար, մանկական պարզ սրտով ընթերցենք Աստծո խոսքը, իբրև երկնային Հոր՝ մեզ հասցեագրված ուղերձ։
Մեծ տարբերություն կա Աստծո խոսքի տառացի իմաստը սեփական մտքով հասկանալու և այն իբրև ճշմարտություն ընդունելու կամ հավատի շուրթերով ճաշակելու և սրտում ընդունելու միջև։ Ինչպես համտեսված սնունդը հաճելի է քիմքին ու սնուցում է մարմինը, այդպես էլ հավատով ճաշակված Աստծո խոսքն է ուրախացնում ու սնում հոգու կյանքը. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը» (Սաղմ. ԼԳ 9), - բացականչում է սաղմոսերգուն, ում համար «Տիրոջ դատաստանները» քաղցր են «մեղրից ու խորսխից ավելի» (Սաղմ. ԺԸ 11)։
Մեծ տարբերություն կա Աստծո խոսքն իբրև ճշմարտություն ընդունելու և Աստծո խոսքին հավատալու միջև։ Կարդալով հարավային պտուղների նկարագրությունները՝ մենք իմանում ենք, թե ինչպիսին է դրանց տեսքը և համը, չենք կասկածում դրանց գոյությանը, սակայն որքա՜ն մեծ է տարբերությունը, երբ ճաշակում ենք դրանք։ Ի՜նչ հաճելի, թարմացնող ու կենարար զգացողությամբ ենք համակվում։ Այսպիսին է Սուրբ Գրքի խոսքի ներգործությունը, երբ հավատով ենք ընթերցում։ Աստվածաշունչը սիրող յուրաքանչյուր ոք գիտի այս բանը։ Երբեմն ընթերցվում են տողեր և էջեր, բայց սիրտը սառն է մնում։ Հանկարծ ինչ-որ խոսքի հանդիպելիս սիրտն ասես հալչում է, ինչպես սառույցն արեգակի ճառագայթներից, հոգին լցվում է խաղաղությամբ ու խնդությամբ. այն խանդաղատվում է, ցնծում ու գոհանում կամ սարսափահար է լինում ու խոնարհվում. հոգին հաստատ որոշում է կայացրել, նա աղոթում է։ Խաղաղությունը կրկին հանգրվանել է նրա մեջ, հոգին ճաշակել է Աստծո խոսքը։

Բ. Հասկանալով ընթերցելու մասին
«Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը
և ամբողջ սրտովս պահպանեմ այն»:
(Սաղմոս ՃԺԸ 34)

Եվ արդ, պատվենք Սուրբ Գիրքն ընթերցանությամբ, որը պատճառն է մեր բոլոր բարելավությունների, սիրով փափագենք Սուրբ Գրքի ուսումնասիրությունը և ընթերցելիս հոգանք երկու բանի մասին. նախ՝ որ հասկանանք ընթերցվածը, և երկրորդ՝ որ մտքում անմոռաց պահենք, մանավանդ գործով կատարենք և օրենքը կատարող լինենք, որ թեթևամտությամբ չզրկվենք մեծագույն բարիքներից (Խոսրով Անձևացի)։
Թերևս Գրքերից արտագրություններ անել կարելի է, բայց պետք է յուրացնել։ Կարդալ այն, ինչը հասկանալի է։ Պետք է քիչ կարդալ, բայց հասկանալով (Ամբրոսի Օպտինսկի)։
Երբ ձեռնամուխ լինես աստվածային Գրքերն ընթերցելու և իմանալու խոսքերի զորությունը, աղաչո՜ւմ եմ, ուշադրություն դարձրու, որ ոչ մի տառ չվրիպի քո մտքից։ Բոլոր գրվածքները երկնավոր իմաստություն են պարունակում և ծնում են իմաստուն մտքերի հոգևոր խոսքեր, [որոնք] ամուլ են չհասկացողների համար, իսկ հասկացողների համար՝ բազմուսույց։ Այդպես էլ յուրաքանչյուր միտք լսելիս. ով ճիշտ է հասկանում, նրա մտքի ճաշակելիքն անուշանում է (Մամբրե Վերծանող)։
Ս. Աթանասն Անտոն Անապատականի մասին խոսելիս ընդգծում է այն ճշմարտությունը, որ նա «այնքան ուշադիր էր Աստվածաշնչի ընթերցանությանը, որ նրանում գրված ոչ մեկ խոսք գետին չէր ընկնում, այլ հիշում էր ամբողջը, և հիշողությունը գրավում էր Գրքերի տեղը» («Աբբա՛, մի խոսք ասա՛ ինձ»):
Հետամո՛ւտ եղիր հասու լինելու սուրբգրային յուրաքանչյուր բառի իմաստին, որ հասնես սուրբ մարգարեների և առաքյալների մտքերի խորքերին ու մեծ ստուգությամբ հասկանաս դրանք։ Իրենց կյանքում աստվածային շնորհով դեպի լույս առաջնորդվողները միշտ զգում են, որ ասես մտավոր ինչ-որ ճաճանչ է անցնում տողերի վրայով՝ գիտակցության համար մերկ բառերը զանազանելով հոգևոր գիտությամբ արտահայտված խոր մտքերից։
Եթե մեկը կարդում է բազմիմաստ համարներ՝ չխորանալով դրանց իմաստի մեջ, ապա սիրտն էլ է մնում աղքատ, անհաղորդ, և նրա մեջ մարում է սուրբ զորությունը, որը հոգու հրաշալի ընկալման դեպքում սրտին քաղցրություն է պատճառում (ս. Իսահակ Ասորի)։
Ընթերցողներն առանց որևէ դժվարության հասկանում են աշխարհիկ գրքերը, սակայն աստվածային ու փրկագործական Գրքերը ոչ ոք չի կարող ինքնուրույն հասկանալ կամ ընկալել առանց Սուրբ Հոգու օգնության (Սիմեոն Նոր Աստվածաբան)։
Շնո՛րհ տուր, Տե՛ր, որ մենք բոլորս կատարենք ավետարանական այս պատվիրանը. «Քննեցե՛ք Գրքերը» (Որոգինես Ալեքսանդրացի)։

Աստվածաշունչը վերընթերցանության գիրք է
Աստվածաշունչն ընթերցելիս, երբ անհասկանալի մտքի ենք հանդիպում, չպետք է կանգ առնենք դրա վրա. կհասկանանք հետո՝ երկրորդ անգամ ընթերցելիս։ Առհասարակ օգտակար է միևնույն բանը հաճախ վերընթերցելը։ Այսպես՝ Պողոս առաքյալի որևէ թուղթն ընթերցելուց հետո անմիջապես կարդանք երկրորդ, երրորդ անգամ։ Մի հեղինակ ասում է. «Երբ ամբողջ գրվածքն ընթերցվել է, և բոլոր մանրամասնությունները ձուլվել են մի կուռ ամբողջության մեջ, անհրաժեշտ է կարդալ երկրորդ անգամ, որպեսզի այդ ներդաշնակ ամբողջության լույսի ներքո հասկանալի դառնան մանրամասները, որ նրա կազմի մեջ են մտնում իբրև բաղկացուցիչ մասեր»։ Նմանօրինակ կրկնողական ընթերցանության դեպքում ոչ միայն հասկանալի է դառնում մինչ այդ անհասկանալին, այլև արդեն մի անգամ հասկացված խոսքերի մեջ ջանասեր ընթերցողն ամեն անգամ նոր մտքեր է բացահայտում, որոնք ընդլայնում ու խորացնում են նրա ըմբռնումը՝ ուրախություն պատճառելով սրտին։ Այդժամ աստվածային յուրաքանչյուր խոսք իրավամբ սերմ է դառնում, որից, հավատի աչքերով ուշադրությամբ քննելիս, միշտ աճում են ցողուններ, ծաղիկներ և նոր մտքերի պտուղներ։ Այնպես որ, ինչքան շատ ենք ընթերցում Սուրբ Գրքի որևէ հատված, այնքան նորանոր բաներ ենք գտնում նրանում. նրա բովանդակությունն աստիճանաբար ընդլայնվում է մինչև անսահմանություն՝ իր մեջ ի հայտ բերելով Աստծո խոսքի հատկանիշը, որը նույնքան հավերժ ու անսահման է, որքան Նա, ՈՒմից այն բխել է։

Գ. Խոկում և խորհրդածություն կարդացածի շուրջ
«Այս օրենքների Գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որ գիտենաս կատարել դրա մեջ բոլոր գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես» (Հեսու Ա 8)։
«Երանելի է այն մարդը, ով ամբարիշտների խորհուրդով չի գնում, մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ժանտերի աթոռին չի նստում» (Սաղմ. Ա 1), այսինքն՝ քննում է Աստծո օրենքը՝ ոչ թե իմանալու՝ ճշմարիտ են կամ իրեն հաճելի, այլ տեսնելու, թե Աստված դրանով ինչ է հրամայում անել կամ չանել։ Եվ որպեսզի ցույց տա, թե պետք է հարատևել այդ բանում, ավելացնում է` «գիշեր-ցերեկ»։ Այսինքն՝ միշտ պետք է խորհի կամ էլ, երբ հարկ լինի, ցերեկ թե գիշեր, «տանը նստելիս թե ճանապարհ գնալիս, պառկելիս թե վեր կենալիս», ինչպես ասվում է Բ Օրենք Զ 6-7-ում։ Օրինակ՝ մի բան անելիս կամ ձեռնարկելիս նախ մտածի՝ արդյո՞ք Աստծո օրենքներին համապատասխանում է այն, ինչ անում է, թե՞ հակառակ է դրանց։ Նույնպես և գիշերը։ Ոչ միայն այսչափ, այլև օրվա ընթացքում բազում անգամ քննում է, թե Տերն ինչ է հրամայում, որպեսզի ըստ այնմ կարգավորենք մեր կյանքն ու գործերը։ Այլև քննում է բաղդատությամբ, այսինքն՝ համեմատելով իր գործերն ու կյանքը Աստծո օրենքների՝ իբրև տիպարի կամ էլ կյանքի փորձաքարի հետ, որ տեսնի՝ համահո՞ւնչ են միմյանց, իսկ եթե ոչ, ապա ջանա համաձայնեցնել [իր վարքը օրենքի հետ]։
Այս մտածությունը կամ խորհրդածությունը ախտերի ու տրտմությունների հալիչ է, առաքինություններ աճեցնող ու անարատ վարքի տիպար։ Բանն այն է, որ Տիրոջ օրենքների քննությունն ու նրանց մասին խորհրդածությունը նման են ջրի, իսկ ախտն ու տրտմությունը՝ դառն աղի. ինչպես որ աղն է ջրին հպվելիս հալչում, այդպես էլ ախտն ու տրտմությունն են հալչում օրենքի շուրջ խորհրդածությանը հպվելիս։ Ասացի, որ նաև տիպար են, որովհետև պատվիրանների քննությունը նման է բարի վարքի և կյանքի անարատության նախանկարի (նախատիպ օրինակի), ըստ որի էլ կառուցվում է մարդու բարի ու աստվածահաճո կենցաղավարությունը։ ՈՒստի նրանք, ովքեր կամենում են ապրել ըստ Աստծո [օրենքի], պետք է այս մտահոգությունն ունենան ու այսպես գործեն։ Այդպես էին անում սրբերը, և այդպես են անում Աստծո ծառաները. այդպես գործելով՝ նրանք իմաստնանում ու երջանկանում են, քանզի նմանօրինակ մտածությունն աճեցնում է հոգևոր կյանքը...
Իսկ նրանք, ովքեր անհոգ են ընթերցելու և խորհելու նկատմամբ, չեն կարող աճել առաքինություններով ու առաջնորդվել ըստ Աստծո օրենքների։ Եթե նրանք, ովքեր միշտ խորհում ու քննում են, բազմիցս են վրիպում, ապա որքան առավել կվրիպեն նրանք, ովքեր անփույթ են, քանզի եթե չենք հետևում այդ խորհուրդներին, ապա «եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը» (Իմաստ. Թ 15) (Հ. Միքայել վրդ. Չամչյանց)։
Մովսեսը հրամայում է խոկալ Աստծո օրենքների շուրջ տանը նստելիս, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս, գրել դրանք տների մուտքին ու դռների վրա, «որ մնան,- ասում է,- անշարժ քո աչքերի առջև» (Բ Օրենք Զ 8)։
Դավիթը Սաղմոսարանում ասում է. «Աստծո օրենքների շուրջ գիշեր-ցերեկ խորհող մարդը նման է ծառի, որ տնկված է ջրերի հոսանքների վրա, որն իր պտուղը ժամանակին է տալիս, և նրա տերևը չի թափվում» (տե՛ս Սաղմ. Ա 2-3)։
Քանզի ո՞ր ջուրը կարող է այնպիսի տնկիներ աճեցնել, պտղաբեր ու տերևաշատ դարձնել դրանք, ինչպես սուրբգրային ընթերցվածքները՝ միտքը։ Կամ՝ ո՞ր անձրևը կարող է այնպես սնել բույսերն ու փարթամացնել ճյուղերը, ինչպես սուրբգրային գիտությունը՝ աստվածասեր հոգին։
Տեսնո՞ւմ ես՝ ինչպես հոգաց Քրիստոս թե՛ անձամբ, թե՛ առաքյալների ու մարգարեների միջոցով հորդորելու մեզ՝ կրթվել և աճել Սուրբ Գրքի ընթերցվածքներով։ Հարատև պարապել և գիշեր-ցերեկ տքնել ու նույն բանում ջանալ, միշտ խոկալ ու [ընթերցանությունն] իր հոգևոր կերակուրն ու ջուրը համարել (Սարգիս Շնորհալի)։
Սուրբ Գրոց հոգևոր խրատները տալիս են ճշմարիտ վարքի իմացություն և հորդորում են մեզ դեպի հոգևոր կարգը։ Քանզի երբ մարդ նյութական բաներ է խորհում, նմանապես և մարմնավոր հիշողություններով աղտեղի շարժումներ է ունենում, որոնք պղտորում են միտքն ու մարմնի զգայարանները։ Իսկ եթե հոգևոր սրբությունների մասին է մտորում, Սուրբ Հոգու ազդեցությամբ հոգևոր վարքի մասին է խորհում և ջանում առաքինության գործեր կատարել (ս. Գրիգոր Լուսավորիչ)։
Պետք է Գրքերը կարդալ առավոտյան՝ աշխատանքից առաջ, մոտ քառորդ ժամ, ապա ամբողջ օրը ծամծմել կարդացածը, ինչպես ոչխարն է որոճում (Ամբրոսի Օպտինսկի)։
Ամեն հոգս ու երկրային մտածում մերժելուն համեմատ պետք է, ըստ ամենայնի, ջանալ փութեռանդորեն և նույնիսկ անդադրում զբաղվել Սուրբ Գրքի ընթերցանությամբ, մինչև հարատև ընթերցանությունը համակի հոգիդ... Այս խորհրդածության օգուտը երկակի է. նախ՝ հոգին կլանվում է ընթերցանությամբ ու խորհրդածությամբ։ Երկրորդ՝ այն, ինչ հաճախակի կրկնությամբ (երբ փորձում ենք յուրացնել հիշողությամբ) չենք կարողացել հասկանալ մեր՝ այդ ժամանակ զբաղված մտքով, հետո, բոլոր գործերից ու հոգսերից ազատվելով և հատկապես գիշերային լռության մեջ խորհրդածելով, ավելի լավ ենք հասկանում, այնպես որ հանգստանալիս և նույնիսկ խոր քուն մտնելիս բացահայտվում է ամենածածուկ իմաստի ընկալումը, որը մենք դույզն-ինչ չէինք հասկացել արթմնի (ս. Իոան Կասիան)։
Զբաղվի՛ր Գրքի ընթերցանությամբ, և երբ դառնաս աղոթքին և քո գործին, ապա աշխարհում տեսածիդ ու լսածիդ փոխարեն կխորհրդածես Սուրբ Գրքերից ընթերցված հատվածների մասին։ Դրանով մոռացության կմատնվեն աշխարհային հիշողությունները. այդպիսով՝ միտքը մաքրության մեջ կհաստատվի: Ընթերցանությունն օգնում է հոգուն, երբ վերջինս աղոթքի է կանգնում. ընթերցանությամբ հոգին լուսավորվում է, որպեսզի առանց ծուլանալու և այլայլվելու հանապազ աղոթի։
Եթե կամենում ես, որ Սուրբ Գրքի ընթերցանությունը հաճելի լինի և իմաստով հասկանալի, մի կողմ դիր [ընթերցածիդ] չափն ու քանակը, և թող միտքդ խորամուխ լինի Հոգու խոսքերի մեջ, մինչև որ հոգիդ զարմանա Աստծո փրկագործության առջև, ու խորունկ խորհրդածության միջոցով ձգտի բարեբանության կամ հոգեշահ տխրության (ս. Իսահակ Ասորի)։
Սուրբ Գիրքը վերցնելիս մի՛ ձգտիր միմիայն ընթերցել թերթ թերթի հետևից, այլ խորհրդածելով՝ թափանցիր յուրաքանչյուր բառի մեջ։ Կանգ առ այն բառերի վրա, որոնք դրդում են քեզ խորասուզվել անձիդ մեջ կամ ապաշխարության պատճառ են դառնում, կամ էլ հոգևոր խնդությամբ ու սիրով համակում են սիրտդ։ Այդ Աստվա՛ծ է մոտենում քեզ, բաց սրտով խոնարհաբար ընդունի՛ր Նրան այնպես, ինչպես Ինքն է կամենում, որ հաղորդվես Իր հետ (ս. Նիկոդիմ Սվյատոգորեց)։
Անապատի վանականները Աստվածաշունչն ընթերցում էին օր ու գիշեր, և վանական զգեստ չէր ստանում նա, ով անգիր չէր իմանում առնվազն Ավետարաններն ու Սաղմոսները։ Ընթերցանությամբ անգիր սովորած ամբողջական հատվածների մտովին ծամումը, նրանց շուրջ խորհրդածությունը (պահպանելու համար Խոսքն իրենց սրտում), լռությունը, որ հնարավորություն էր ստեղծում ունկնդրելու Հոգուն, միայնությունը, որ ազատում էր նրանց իրենց սեփական եսից և աշխարհային ցանկություններից, դարձնում էին այս աբբաներին մարդիկ լի Աստվածաշնչով («Աբբա՛, մի խոսք ասա՛ ինձ»)։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ